2002 թ. հիմնվեց և հայ երաժշտական մշակույթում շուրջ 4 տարի ակտիվ գործունեություն ծավալեց «Կամերտոն» արվեստագետների հասարակական կազմակերպությունը: Այն իր ժամանակ հանդես եկավ այնպիսի քայլերով, ինչպիսին էր, օրինակ, հայ մշակութային իրականությունում այդ օրերին առաջին՝ պատանիների կամերային նվագախմբի հիմնումն ու նրա կանոնավոր համերգային գործունեությունը: Պատանի կատարողները՝ մենանվագ կատարումներով, և «Կամերտոնի» կատարողական խմբերը, այդ թվում՝ կամերային նվագախումբը, մասնակցել են բազում մշակութային և հասարակական-սոցիալ-մշակութային նախագծերի, միջոցառումների: Ուշագրավ փաստ է և այն, որ դեռևս 2003 թ., Ա. Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի՝ իր նախաձեռնությամբ իրականացված տոնական միջոցառումների շրջանակներում, «Կամերտոնը» բարձրացրել է ՀՀ ազգային օրհներգի՝ խաչատրյանական տարբերակով փոխարինման խնդիրը: Լինելով մտավորականների յուրատեսակ կենտրոն, Կամերտոնը մշտապես իր սկզբունքային, մասնագիտական վերաբերմունքն է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման խնդիրների վերաբերյալ:
2019 թ., երկարատև դադարից հետո, վերակազմավորվեց «Կամերտոնը»՝ իբրև մշակութային հասարակական կազմակերպություն:
2011 թ., Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ առաջին անգամ պատանի և երիտասարդ դաշնակահարների համար ստեղծվեց Բաբաջանյանական երաժշտության նոր միջազգային հարթակ։ Այն իր մրցութային մասնագիտական բարձր չափանիշներին զուգահեռ ապահովեց նաև փառատոնային մթնոլորտ՝ դառնալով յուրահատուկ երաժշտակատարողական տոն։
Այսպիսով, սկիզբ դրվեց Արնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնին, որն այսօր արդեն ունի իր կայուն ավանդույթները։ Այն կազմակերպության անմիջական մասնակցությամբ և հովանու ներքո անցկացվել է 2019, 2021, 2023 և 2025 թթ.՝ դառնալով հայկական և միջազգային երաժշտական կյանքի անբաժան մաս։
Վերակազմավորումից հետո «Կամերտոնը» հանդես եկավ մի շարք խոշոր միջազգային նախաձեռնություններով․
· 2019 թ. – «Կամերտոն-Սոլիստ» կատարողական արվեստի առաջին միջազգային մրցույթ։
· 2021 թ. – «Կամերտոն-Սոլիստ» կատարողական արվեստի երկրորդ միջազգային մրցույթ։
· 2021 թ. – Արնո Բաբաջանյանի երկերի միջազգային առցանց մրցույթ-փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին։
· 2022 թ. – «Կամերտոն-Սոլիստ» միջազգային կատարողական արվեստի մրցույթ-փառատոն։
· 2024 թ. – «Կամերտոն-Սոլիստ» կատարողական արվեստի չորրորդ միջազգային մրցույթ։
· 2025 թ. հոկտեմբերի 1–5 – նախատեսվում է «Կամերտոն-Սոլիստ» պատանի և երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոն։
Այս մրցույթներն ու փառատոնները ոչ միայն բացահայտում են նոր տաղանդներ, այլև ստեղծում են միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության եզակի հարթակ։
«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունը շուրջ երկու տասնամյակ շարունակում է իր առաքելությունը՝ դառնալով հայ երաժշտական մշակույթի զարգացման կարևոր օջախներից մեկը։ Սկսած պատանեկան կամերային նվագախմբի հիմնադրումից մինչև միջազգային մրցույթների կազմակերպումը՝ «Կամերտոնը» մնացել է ստեղծագործական նորարարության, մշակութային երկխոսության և երիտասարդ տաղանդների բացահայտման հարթակ։